Logo
Գրքի տոնը Մասիսի երիտասարդական կենտրոնում

19 February 2018

Գրքի տոնը Մասիսի երիտասարդական կենտրոնում

Մասիսում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Մասիսի երիտասարդական կենտրոնը նախաձեռնեց «Գրքաշփոթ» ծրագիրը:

Մասիսում ընթերցանությունը մասսայականացնելու նպատակով Մասիսի երիտասարդական կենտրոնը նախաձեռնեց «Գրքաշփոթ» ծրագիրը: Այն կազմված էր երեք փուլից: Առաջին փուլում Մասիսի երիտասարդները և առհասարակ գրքասեր բնակիչները միմյանց մարտահրվերներ էին նետում` ներկայացնելով իրենց սիրելի գրքերի հնգյակը: Ծրագրի երկրորդ փուլը «Խորհուրդ են տալիս մասիսցիները» նախագիծն էր: Դրա շրջանակներում Մասիսի ճանաչված ու սիրված մարդիկ պատմում են իրենց սիրելի գրքերի մասին։ Փետրվարի 19-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ Գրքաշփոթ ծրագրի վերջին փուլը` Ջեյմս Ջոյսի «Պանդոկը» և «Մայրը» ստեղծագործությունների քննարկումը: Հանդիպման հյուրն էր  «Խորհուրդ են տալիս մասիսցիները» նախագծի զրուցակից բժիշկ Սուվարյանը:  Քննարկմանը ներկա էին Մասիսի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Հովհաննիսյանը, Մասիսի երիտասարդական կենտրոնի կամավորները, Մասիսի թիվ 5 ավագ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի Մարինե Ստեփանյանն ու բազմաթիվ այլ համաքաղաքացիներ:



 

Ընթերցողների մոտ առաջին հայացքից բացասական կարծիքներ ձևավորած երկու ստեղծագործությունների քննարկումը սկսվեց հեղինակի կյանքի ճանապարհորդությունից, որի ընթացքում հյուրերը բացահայտեցին գրողի կյանքի ուղին, ստեղծագործական, գրական ուղղությունն ու «Դուբլինցիները» ժողովածուն իր նույնքան խորությամբ, որքան պարզությամբ այն գրվել է:



Իռլանդացի գրողը 1914 թվականին իր հայրենակիցներին հանձնեց այս ժողովածուն իբրև հայելի, որպեսզի իրենք իրենց կարողանան տեսնեն և ուսումնասիրեն: Ժողովածուի առանձնահատկությունն այն է, որ բոլոր ստեղծագործություններում դեպքերը տեղի են ունենում միևնույն օրը: Պատմությունների սերտ կապը ստեղծում է Դուբլինի կյանքի իրական պատկերը: «Դուբլինցիներ»-ում ներգրավված կերպարներն ու իրադարձությունները հիմնված են իրական դեպքերի վրա, ինչը ժողովածուն ավելի արժեքավոր է դարձնում պատմական և աշխարհագրական իմաստով:



 

Քննարկման ընթացքում հնչեցին տարաբնույթ, հակասական կարծիքներ: Հյուրերից շատերի համար ստեղծագործությունները անհետաքրքիր էին այն առումով, որ չկար զարգացում, էմոցիաներ, չկար հստակ սյուժե: Սակայն երիտասարդների մի մասը վերլուծելով գլխավոր հերսոների կերպարները, եկավ այն եզրակացության, որ ստեղծագործությունները, այնուամենայնիվ,  ունեին իմաստ և այդ պարզության մեջ հստակ ներկայացված էր մոր կերպարը, որում արտացոլված էր նրա «ես»-ը: Պաշտպանելով աղջկա իրավունքները, նա պայքարում էր իր «ես»-ի կողմից ընդունված ճշմարտության համար: Այս հակասական կարծիքների մեջ Ջեյմս Ջոյսի ստեղծագործությունները համեմատվեցին նաև Նար-Դոսի ստեղծագործությունների հետ, որտեղ ևս ներկայացված են կանայք` պայքարող, զիջող, հանդուրժող և բնավորության տարբեր գծերով:



Գրքից անցում կատարելով այսօրվա կյանքին` քննարկումը հետզհետե դուրս եկավ ստեղծագործության սահմաններից ու հասավ ընդհուպ մերօրյա տղամարդ-կին, ընտանիք-հասարակություն հարաբերություններին: Շրջանցելով Ջեյմս Ջոյսին, բժիշկ Սուվարյանի խնդրանքով ընթերցվեց Չարլի Չապլինի նամակն իր դստերը: Հուզիչ նամակի հեղինակին` իբրև ծնող, համեմատեցին Ջեյմս Ջոյսի երկու ստեղծագործությունների հերոսի` մոր հետ, որտեղ արտացոլված են երկու տարբեր ծնողների հոգատարությունն ու սերը դստեր նկատմամբ:

 


Բժիշկ Սուվարյանը իր հիացմունքն ու ուրախությունը հայտնեց այս տեսակ նախաձեռնության համար, որից հետո առաջարկվեց առաջիկա հանդիպումների ընթացքում քննարկել Ավետիք Իսահակյանի «Աբու-Լալա Մահարի» պոեմը, որը իմաստային առումով նմանություններ ունի և Չարլի Չապլինի դստերն ուղղված նամակի, և Ջեյմս Ջոյսի «Մայրը» և «Պանդոկը» ստեղծագործությունների հերոսների հետ:



 


 

Հեղինակ՝ Ալվարդ Հարությունյան
Համահեղինակ՝ Լիլիթ Նահապետյան

Որոնում տեգերով՝