Logo
Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը խորհուրդ է տալիս կարդալ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը

26 January 2018

Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը խորհուրդ է տալիս կարդալ Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանին ճանաչում են բոլորը:

Մասիսի Ս. Գևորգ եկեղեցու Հոգևոր Հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանին ճանաչում են բոլորը: Բացի նրանից, որ ճանաչում են նաև սիրում են, հարգում և հաճույքով լսում նրա ասած ցանկացած խոսքը: Տեր Աշոտ քահանա Սաֆարյանը մեծ սիրով պատասխանեց մեզ հուզող հարցերին և իր հետաքրքիր մտքերով ու կարծիքներով կիսվեց մեզ հետ: Այժմ Ձեզ ենք ներկայացնում Տեր Աշոտի հետ ունեցած մեր զրույցը:



 

Տեր Հայր, ինչպե՞ս որոշեցիք դառնալ հոգևորական:

 

- Հոգևորական դառնալու ցանկությունը ձևավորվեց պատանի հասակում կիրակնօրյա վարժարան գնալու արդյունքում: Որովհետև, երբ մարդը հապճեպ է որոշում հոգևորական դառնալ, կարճ ժամանակ անց այդ ցանկությունը մարում է, և մարդը ետ է կանգնում իր որոշումից: Բայց մեր եկեղեցու երիտասարդներից կամ պատանիներից շատերի մոտ, ովքեր գալիս են երիտասարդաց միություն, եկեղեցի, խորան բարձրանում, հենց այդ ընթացքում է ձևավորվում հոգևորական դառնալու ցանկությունը:


Անցնելով մեր բուն թեմային ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ մեր երիտասարդներին:

- Որպես հոգևորական` առաջին հերթին պետք է խորհուրդ տամ կարդալ «Աստվածաշունչ»-ը: Այն 75 գրքերի ամբողջություն է: Աստվածաշնչերը աշխարհում ամենաշատ տպագրված գրքերն են, որոնց հիման վրա գրված գրքերը նույնպես շատ են: Եվ մարդը չի կարող համարվել գրագետ, եթե Աստվածաշունչ չի կարդացել: Իսկ որպես գեղարվեստական գիրք, խորհուրդ կտամ կարդալ իմ վերջին կարդացած` Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը: Այն արծարծում է նաև աստվածաբանական թեմաներ: Երիտասարդների համար դետեկտիվ ժանրի հետաքրքիր գիրք է: Կարծում եմ այստեղից շատ խոհափիլիսոփայական մտքեր էլ կքաղեն և իրենց կյանքում դրանք օգտակար կլինեն:


Ո՞րն է գրքերի կարևորությունը երիտասարդների կյանքում:

- Յուրաքանչյուր գիրք ինքն իրենով մեկ աշխարհ է: Յուրաքանչյուր մարդ իր կյանքի ընթացքում ճամփորդությունների է մեկնում, չէ՞: Մենք միշտ չէ, որ հնարավորություն ենք ունենում կարճ ժամանակում մի քանի երկիր, մի քանի աշխարհ միանգամից ճամփորդել: Իսկ յուրաքանչյուր ճամփորդություն արդեն իսկ մեծ փորձ է մարդու համար. այն մարդուն կյանքի մեծ փորձ է տալիս՝ կլինի կարճ, թե երկար: Եվ գիրքն ապահովում է հենց այդ ճամփորդությունը:



Ո՞վ է Ձեր սիրելի գրողը:

- Այդպես, միանշանակ, սիրելի գրող չունեմ, որ հատուկ առանձնացնեմ: Սիրելի գրքեր կան, որոնք ընթերցում եմ: Միակ գիրքը, որը շատ եմ ընթերցում «Աստվածաշունչ»-ն է:


Տեր Հայր, նշեք երիտասարդներին բնորոշ երկու դրական և բացասական կողմեր:

- Երիտասարդներին բնորոշ լավ կողմերից մեկը սովորելու պատարստակամությունն է: Պրպտող են, ջանք թափող: Իսկ բացասական կողմերից մեկն այն է, որ երբեմն երիտասարդն իր ձեռքբերումների ճանապարհին կարող է կարևորն ու անկարևորը խառնել: Պետք է կարողանանք մեր կյանքում դասավորել կարևորի և անկարևորի հերթականությունը:


Արդյո՞ք երիտասարդները ակտիվ են եկեղեցական, հոգևոր կյանքում:

- Ես կարծում եմ, եթե տարբեր տարիքային շերտեր առանձնացնենք, ապա երիտասարդներն ավելի շատ են ներգրավված եկեղեցական-համայնքային կյանքում, քան տարեցներն ու կրտսերները:


Եթե Մասիսի բոլոր երիտասարդները այստեղ լինեին Ձեզ հետ զրուցելու համար, ի՞նչ կասեիք:

- Երիտասարդներին խորհուրդ կտայի կարողանալ կյանքի փորձ ունեցող մարդու փորձից օգտվել և ժամանակը ռացիոնալ օգտագործել: Իսկ ամենակարևորը՝ երիտասարդ հասակում Աստծուն ճանաչել: Որովհետև, երբ մարդն այդ տարիքում է Տիրոջը ճանաչում, նրա կատարած բարի գործը, նվիրումը Աստծուն, ավելի մեծ արժեք է ունենում Աստծո առջև:

 

 





Որոնում տեգերով՝