Logo
Բժիշկ Սուվարյանը խորհուրդ է տալիս կարդալ Նիկոլայ Օստրովսկիի «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը

19 January 2018

Բժիշկ Սուվարյանը խորհուրդ է տալիս կարդալ Նիկոլայ Օստրովսկիի «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը

«Գրքաշփոթ» ծրագիրի շրջանակներում Մասիսի բնակիչներին հնարավորություն է տրվում իմանալու, թե որոնք են իրենց քաղաքի հայտնի մարդկանց սիրելի գրքերը:

«Գրքաշփոթ» ծրագիրի շրջանակներում Մասիսի բնակիչներին հնարավորություն է տրվում իմանալու, թե որոնք են իրենց քաղաքի հայտնի մարդկանց սիրելի գրքերը: Բժիշկ Սուվարյանը մեր առաջին զրուցակիցն է: Մասիս քաղաքի հայտնի և սիրված բժիշկը խորհուրդ է տալիս կարդալ Նիկոլայ Օստրովսկիի «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը:



Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ մեր երիտասարդներին:

- Խորհուրդ կտամ կարդալ «Ինչպես էր կոփվում պողպատը» վեպը, որը գրել է Նիկոլայ Աստրովսկին: Գիրքը ինքնակենսագրական է: Պատմում է մի երիտասարդի մասին, ով այլևս չէր կարողանում քայլել: Այդ ստեղծագործությունից կարելի է վերցնել այն գաղափարը, որ կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ և պետք է այն ապրել այնպես, որ հետո ցավ չզգաս անցած օրերի համար: Այդ երիտասարդը իր առջև նպատակ էր դրել «չկորել» կյանքում: Այս գիրքը սովորեցնում է այն, որ կյանքում նույնիսկ ամենավատ իրավիճակում ամեն ինչի կարելի է հասնել:


ԻՆՉՊԻՍԻ՞Ն Է ԵՂԵԼ ԲԺԻՇԿ ԴԱՌՆԱԼՈՒ ՁԵՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ:

- Մեր ընտանիքում հինգ երեխա ենք եղել, ես երրորդ զավակն եմ եղել: Դպրոցն ավարտելուց հետո ծնողներս ասացին գնա և բժիշկ դարձիր: Անկեղծ եմ ասում, ես չէի ուզում, հայրս էր ուզում: Ես սովորեցի բժշկական ուսումնարանում և ինձ բանակ տարան: Բանակից հետո որոշեցի կամ պետք է բուժակում աշխատեմ կամ գնամ գործարանում բանվորությամբ զբաղվեմ: Այն ժամանակ շատ դժվար էր ընդունվել բժշկական ինստիտուտ և բարեբախտաբար ես ընդունվեցի ինքակրթությամբ զբաղվելու միջոցով: Ինձ դասավանդում էին Ղարաբաղում հայտնի շատ լավ բժիշկներ և ես կարծում էի, որ նրանք իրենց մեծ հեղինակությունը ձեռք են բերել տքնաջան աշխատանքի շնորհիվ: Ղարաբաղում ընդունված է. լավ բժիշկներին փողոցում բոլորը ձեռքով բարևում են: Այստեղ աշխատելուն դժվար էի հարմարվել: Մարդիկ բժիշկներին փողոցում տեսնելիս չէին ճանաչում: Ես դրանում մեղադրում եմ միայն բիշկներին, քանի որ դա նշականում է , որ նրանք չեն կարողացել հեղինակություն վաստակել: Այդ ամենը տեսնելով ես գտա, որ պետք է սովորել: Ես գնում էի քաղաքի կլինիկաներ, հեղինակավոր բժիշկների հետ էի շփվում, նրանցից հարցնելով նոր բաներ սովորում: Հիմա ես ճանաչում եմ Հայաստանի հեղինակավոր բժիշկներից շատերին, նրանցից որոշներն էլ ինձ են ճանաչում: Երբ ես չեմ կարողանում որևէ հիվանդության հարց լուծել, անիմիջոպես նրանց եմ դիմում, որպեսզի հիվանդներին վատ վիճակներից դուրս հանեմ:


ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԷՐ ԳՐՔԻ ՀԵՏ ՁԵՐ ԱՌԱՋԻՆ ԾԱՆՈԹՈՒԹՅՈՒՆԸ; Ո՞ՐՆ Է ՁԵՐ ԿԱԴԱՑԱԾ ԱՌԱՋԻՆ ԳԻՐՔԸ:

- Երևի թե Հովհաննես Թումանյանի պատմվածքները, հեքիաթները: Իմ ուսուցիչները մեզ սովորեցնում էին <> գրքերի հետ: Առհասարակ ուսուցիչները մեծ դեր ունեն երեխաներին կյանքի ճանապարհ ցույց տալու հարցում: Մեր դպրոցում հողամաս կար, որտեղ ուսուցիչները մեզ տանում էին և մենք միասին այն մշակում էինք: Օրինակ կենսաբանության ուսուցչուհին և՛ մշակում էր և՛ սովորեցնում առարկան:


ՁԵՐ ՍԻՐԵԼԻ ԳՐՈՂԸ…

- Եթե ես հայ եմ, ապա Հովհաննես Թումանյան:


ԳՐՔԵՐԸ ՕԳՆՈՒՄ ԵՆ…

- Գրքերը օգնում են մարդուն ճիշտ կողմնորոշվել: Գիրք չկարդացող մարդը առհասարակ մարդկանց հետ դժվարությամբ է շփվում, քանի որ գրքի հերոսները ինչ-որ ձևով մշակում են մարդու լեզուն, դա նոր մշակույթ է մտցնում նրանց կյանք, մարդկային հարաբերությունների կարգավորան հնարավորություններ է ստեղծում: Գիրք կարդալը երեխաներին օգնում է օժտված լինել կամային լավ հատկանիշներով: Շփվելով երեխաների հետ նրանց մոտ նկատում եմ կամային հատկանիշների բացակայություն: Եթե նրանք կարդային այնպիսի գրքեր, ինչպիսին է «Ինչպես էր կոփվում պողպատը», դա հավանաբար չէր լինի: Գեղարվեստական գրականությունը օգնում է կյանք մտնել և սխալներ քիչ թույլ տալ:


ԱՅՍՕՐ ԵՎ ԵՐԵԿ ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ՄԱՍԻՍԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ:

- Անկեղծ ասած խիստ գրաֆիկի պատճառով չեմ կարողանում շատ հետևել երիտասարդների անցուդարձին, այդ իսկ պատճառով կարծիք արտահայտել ճիշտ չի լինի: Բայց ես հաճախ եմ հանդիպում երեխաների, ովքեր սխալներ են գործում անհոգությունից: Ես միշտ մտածել եմ, մեր ուսուցիչները մեզ սովորեցրել են ինչպես ապրել, նույնիսկ եթե ծնողները կողքիդ չեն, բայց հիմա կարծես երեխաների մոտ ինքնամաքառման դրսևորումներ չեմ տեսնում: Նույնիսկ փողոցում կարելի է հանդիպել մուրացկանների, ովքեր շարունակ ասում են, որ չեն կարողանում ապրել: Ես հակված չեմ նրանց քննադատելու, բայց կուզեի, որ նրանք ապրեն այնպես, ինչպես նախկինում են մարդիկ ապրել: Նախկինում պայմանները ավելի վատ են եղել, բայց մարդիկ չեն ասել չենք կարողանում ապրել: Նրանք պայքարում և ստեղծում էին: Փողոցում մուրացկաններին տեսնելիս մի կողմից կարեկցանք եմ զգում, բայց մյուս կողմից ներքին պոռթկում է տեղի ունենում: Չէ՞ որ դուք երիտասարդ եք, ինչո՞ւ չեք ստեղծում, չեք ստեղծագործում: Ճիշտ է մեր երկիրը իր վատ կողմերն էլ ունի: Բայց ո՞վ է խանգարում, որ մեկը գնա արհեստով զբաղվը, մյուսը շինարարությամբ և այլն:


ԵԹԵ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՆԱՅԻՔ ԶՐՈՒՑԵԼՈՒ ՄԵՐ ՔԱՂԱՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ Ի՞ՆՉ ԿԱՍԵԻՔ ՆՐԱՆՑ:

- Ես կփորձեի նրանց հուշել, թե որն է ճիշտ ճանապարհը և ինչպես կարելի է այդ ճանապարհով գնալ:


Որոնում տեգերով՝